Բյուջեի եկամուտներն առաջին կիսամյակում ավելացել են
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է տվյալներ 2010թ-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամտային և ծախսային հատվածների մասով: Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 366.3 մլրդ դրամ, ծախսերը` 383.2 մլրդ դրամ, որոնք, համապատասխանաբար, ապահովել են կառավարության կողմից առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրի 110.3 և 92.6 տոկոսը:
Ըստ նույն հաղորդագրության, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետբյուջեի եկամուտներն աճել են 21.9 տոկոսով` 65.9 մլրդ դրամ: Իսկ եկամուտների 93 տոկոսը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիրսոցիալական ապահովության վճարների հաշվին:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պետբյուջեի հաշվին կատարվել են 383.2 մլրդ դրամի ծախսեր և, մասնավորապես, 348.8 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 34.5 մլրդ-ը ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:
Հաշվետու ժամանակահատվածում բյուջեն կատարվել է 16.9 մլրդ պակասուրդով` նախատեսված 81.9 մլրդ դրամի և 2009թ-ի նույն ժամանակահատվածի 47 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց, իսկ պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 26 մլրդ դրամ, իսկ արտաքին աղբյուրները կազմել են 9.1 մլրդ դրամ:
Առաջին կիսամյակում նախատեսված 76 մլրդ դրամի փոխարեն պետական բյուջեի ազատ միջոցներից օգտագործվել է ընդամենը 13.3 մլրդը:
www.aysor.am
|