Ավարտվել է ակտուարական որակավորման ծրագիրը
Հայաստանում իրականացվել է ակտուարական (ապահովագրական վիճակագիրներ) որակավորման ծրագիրը: Ըստ «Արմենպրեսի»` երեկ տեղի է ունեցել մեկ տարի տևողությամբ ուսուցման ավարտական վկայականների հանձնման արարողությունը:
Որակավորման ծրագրի իրականացմանը, ՀՀ ԿԲ-ի խնդրանքով, ընդառաջել է USAID-ի ֆինանսական ոլորտի զարգացման ծրագիրը` Մեծ Բրիտանիայի ակտուարական մասնագիտություն ասոցացիայի հետ համագործակցությամբ:
Ծրագրի իրականացումը 2009թ. հոկտեմբերին ստանձնել է Կրթության զարգացման ակադեմիայի կողմից իրականացվող Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագիրը: Ակտուարների վկայագրման ծրագիրը կազմված է եղել երկու բաղադրիչից` հիմնական և խորացված: Ուսումնական դասընթացների մեծ մասը կատարվել է Մեծ Բրիտանիայի որակյալ չափորոշիչներին համապատասխան: Խորացված վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ պայման է եղել դրական արդյունքներով հիմնական դասընթացն ավարտելը: Ուսուցման դասընթացն ամփոփվել է որակավորման քննություններով: Ութ հոգի ավարտել է խորացված կուրսը, տասնյակից ավելին` հիմնականը:
Միացյալ Թագավորության ակտուարների ինստիտուտի հետ համատեղ աշխատանքի արդյունքում իրականացված ուսուցողական կուրսերի մասնակիցները ստացած միջազգային որակի ակտուարական վկայականներով հնարավորություն կունենան աշխատել ֆինանսական դաշտում, մասնավորապես՝ ապահովագրական ընկերություններում: «Այս պրոֆեսիոնալ որակավորումը պետք չէ շփոթել բուհական կրթության հետ, որոնք երկուսն էլ շատ կարևոր են, սակայն ունեն տարբեր նպատակներ»,- նշել է ԿԲ փոխնախագահը` ավելացնելով, որ ոլորտում գործող մասնագետները պահանջվող չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ են հաղորդել սովորողներին:
www.cdaily.am
|