close
Մուտք
Ծածկագիր
Գրանցվել
Նկարագիր
Մոռացել եք ծածկագիրը
Արթուր Ջավադյան. ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան. ՀՀ ԿԲ նախագահ
"ՀՀ առևտրային բանկերում ռիսկերը կառավարելի շրջանակներում են"

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի բացառիկ հարցազրույցը BANKER.AM պորտալին

Պարոն Ջավադյան, ավարտվում է 2009 թվականը: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԿԲ և կառավարության իրականացված հակաճգնաժամային միջոցառումների և ծախսված միջոցների արդյունքը: Ի՞նչ հաջողվեց և ի՞նչը` դեռ ոչ:

- Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանում սկսեց արտահայտվել դեռևս 2008թ. չորրորդ եռամսյակից սկսած` լուրջ մարտահրավերներ ստեղծելով ՀՀ տնտեսության համար: Ճգնաժամի սկզբնական փուլում գների կայունության և ֆինանսական կայունության խնդիրների արդյունավետ համադրման միջոցով հաջողվեց պատշաճ մակարդակում պահպանել ֆինանսական համակարգի կայունությունը` խուսափելով բանկային համակարգում ցնցումների առաջացումից: Այնուհետև տնտեսական ակտիվության վերականգնման և գների կայունության խնդիրների համադրման ներքո իրականացվեց խիստ ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն: Այս պայմաններում հաջողվեց առավելագույնս նպաստավոր պայմաններ ստեղծել տնտեսության վերականգնման համար` իհարկե, գնաճը մշտապես պահպանելով կառավարելի մակարդակում:

Կառավարության և ՀՀ ԿԲ-ի կոորդինացված գործողությունների արդյունքում հաջողվել է նաև.

- Տնտեսական անկման պայմաններում, երբ հարկային եկամուտները նվազել են, ամբողջությամբ ֆինանսավորել 2009թ. բյուջեով նախատեսված սոցիալական բնույթի ծախսերը, այդ թվում կենսաթոշակներ, բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձ, որոնք ի դեպ 2008թ. համեմատությամբ բավականին աճել են,

- Բյուջետային վարկերի, երաշխիքների և ուղղակի ֆինանսավորման միջոցով օժանդակել համակարգաստեղծ կազմակերպություններին և փոքր ու միջին ձեռնարկատիրությանը` վերջիններիս ժամանակավոր ֆինանսական դժվարությունները հաղթահարելու հարցում: Արդյունքում ՀՀ-ում գործազրկության էական աճ չի արձանագրվել,

- Նվազեցնել վարկային ռեսուրսների տոկոսադրույքները մինչև նախաճգնաժամային, իսկ որոշ վարկային պրոդուկտների գծով  նույնիսկ ավելի ցածր մակարդակի, և աշխուժացնել ճգնաժամի հետևանքով սառեցված վարկային շուկան,

Ընդհանուր առմամբ Կառավարության և ՀՀ ԿԲ-ի իրականացված հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ հաջողվել է օգոստոսից արդեն թևակոխել տնտեսական ակտիվության վերականգնման փուլ, ինչն արտահայտվել է ՀՆԱ անկման տեմպերի աստիճանական դանդաղմամբ: Ակնկալվում է, որ արդեն 2010թ. երկրորդ կեսից կհաջողվի ապահովել դեռևս փոքր, բայց դրական տնտեսական աճ:

Արձանագրված հաջողությունների հետ մեկտեղ կուզենայի անդրադառնալ տնտեսությունում նկատվող հետևյալ երկու երևույթներին: Նախ նշեմ, որ բավարար չէ վարկային շուկայի ակտիվությունը: Խնդրահարույց է նաև դոլարիզացիա երևույթի շարունակվող  աճը: Ճգնաժամի հետևանքով և դրա ազդեցությամբ մարտի սկզբին տեղի ունեցած ազգային արժույթի արժեզրկումը, բնականաբար, որոշակիորեն խարխլել է ազգային արժույթի նկատմամբ վստահությունը և ներկայումս առաջացրել տնտեսական հիմնարարների զարգացումներով որևէ կերպ չպայմանավորված հետագա արժեզրկման սպասումներ:

Ճգնաժամի ազդեցության չափը ՀՀ տնտեսության վրա կարծես թե արդեն հայտնի է և չափելի: Միջազգային վերլուծականներում շրջանառվում են ճգնաժամի 2-րդ ալիքի սպասումները: Ինչպիսի՞ն են մոտ ապագայի ՀՀ ԿԲ սպասումները, որոնք են առաջնահերթ անելիքները:

- Ինչպես և ակնկալվում էր, համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությամբ պայմանավորված, ՀՀ տնտեսության անկումը առավել խորացավ 2009 թվականի երկրորդ եռամսյակում, իսկ երրորդ եռամսյակից սկսած ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի աստիճանական բարելավման արդյունքում տնտեսական անկումը դրսևորել է անկման տեմպի նվազման միտումներ: Արդյունքում, ընթացիկ տարվա առաջին տասնմեկ ամսվա կտրվածքով արձանագրվել է 16% անկում` հունվար-hուլիսին արձանագրված 18,5% անկման փոխարեն: ՀՀ տնտեսության աճի աստիճանական վերականգնման միտումները պայմանավորված են տարվա ընթացքում խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների արդյունավետ կոորդինացման շրջանակներում հակաճգնաժամային մեծածավալ ծրագրերի իրականացմամբ:

Միջազգային վերլուծականներում շրջանառվում են համաշխարհային տնտեսության ապագա զարգացման տարբեր վարկածներ, այդ թվում նաև կան սպասումներ ճգնաժամի 2-րդ ալիքի վերաբերյալ: Սակայն կարելի է փաստել, որ ավելի վատատեսական կանխատեսումները կամաց-կամաց իրենց տեղը զիջում են ավելի լավատեսական կանխատեսումներին` հիմնականում պայմանավորված բարելավված տնտեսական զարգացումներով (ինչպիսին են օրինակ 2009 թվականի 3-րդ եռամսյակում գրանցված զարգացած երկրների տնտեսական աճը, ապագա սպասումների գնահատականների բարելավումը և գործազրկության աճի դադարեցման միտումը): Այս պահի դրությամբ ապագայի համար ամենահավանական սցենարը մեր կողմից դիտարկվում է համաշխարհային տնտեսության աստիճանական վերականգնումը` իր տնտեսական հետևանքներով (կապիտալի ներհոսքի ավելացում, միջազգային հումքային և պարենային ապրանքների գների աճ, արտաքին միջավայրից փոխանցվող գնաճային ճնշումներ): Նման պարագայում Կենտրոնական բանկը իր գործողությունները առավելապես կուղղի գնաճի նպատակային թիրախի ապահովմանը: Բնականաբար Կենտրոնական բանկում քննարկվում են նաև համաշխարհային տնտեսության (մասնավորապես նաև Ռուսաստանի տնտեսության) վատատեսական սցենարով զարգացման դեպքում մեր գործողությունները:

- Ինչպե ՞ս եք գնահատում ՀՀ բանկերի ռիսկերի ներկայիս մակարդակը: Ի՞նչ են ցույց տալիս ՀՀ ԿԲ կողմից իրականացվող ՀՀ բանկերի ընթացիկ ստուգումները, ընդհանուր վերահսկողությունը:

- Ներկայումս ՀՀ առևտրային բանկերում ռիսկերը գտնվում են կառավարելի շրջանակներում: Այսօր բանկային համակարգի կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը կազմում է 28% (որը բավականին բարձր է պահանջվող նորմատիվային նվազագույն 12% սահմանաչափից), ընթացիկ և ընդհանուր իրացվելիության նորմատիվային ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 35% և 144% (որոնք դարձյալ բավականին բարձր են պահանջվող նորմատիվային նվազագույն 15% և 60% սահմանաչափերից), արտարժութային բաց դիրքը կազմում է կապիտալի ընդամենը 0.4%-ը:

Այնուամենայնիվ, 2009 թվականի ընթացքում, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, փոքր-ինչ վատթարացել է բանկային համակարգի վարկերի որակը. մասնավորապես ՙստանդարտ՚ դասի (լավորակ) վարկերը կազմում են ընդհանուր վարկերի 92.0%-ը (տարեսկզբին` 95.6%), սակայն ի համեմատություն այլ երկրների բանկային համակարգերի վարկերի որակի` այս ցուցանիշը բավականին բարձր է: Այս առումով 2009 թվականի ընթացքում ԿԲ-ի ուշադրության կիզակետում են գտնվել բանկային ռիսկերի գնահատման, վերլուծման և մոնիտորինգի, ինչպես նաև ամենատարբեր ստրես սցենարների մշակման ու դրանց ի հայտ գալու պարագայում բանկերի հնարավոր կորուստների գնահատման շարունակական գործընթացները: 2009 թվականին հեռակա և տեղերում վերահսկողության ընթացքում օգտագործվել են ռիսկերի բացահայտմանն ուղղված նորանոր գործիքներ: Ըստ ԿԲ կողմից իրականացվող ստուգումների և գնահատումների, նույնիսկ ամենախոցելի սցենարների հանդես գալու պարագայում ՀՀ առևտրային բանկերից որևէ մեկը չի կանգնի իրացվելիության կամ անվճարունակության ռիսկի առջև: Հատկանշական է, որ ՀՀ առևտրային բանկերը ունենալով բարձր կապիտալիզացիայի մակարդակ (բանկային համակարգի "կապիտալ / ակտիվներ" հարաբերակցությունը կազմում է 21%) ի վիճակի են նույնիսկ վատագույն սցենարների դեպքում ծածկել հնարավոր առաջացող վնասները իրենց իսկ սեփական միջոցների հաշվին:

- Ինչպե ՞ս եք գնահատում ՀՀ տնտեսության դոլարիզացիայի ներկայիս մակարդակը համեմատած ճգնաժամին նախորդող ժամանակաշրջանի վիճակի հետ: Ի՞նչ լուծումներ եք տեսնում իրավիճակի բարելավման առումով:

- Նախորդ տարվա վերջում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացան հայկական դրամի արժեզրկման սպասումներ, նրանք սկսեցին արագ փոխարկել իրենց դրամային ակտիվները արտարժութայինով, որի հետևանքով Հայաստանում կտրուկ ավելացավ դոլարիզացիայի մակարդակը` 37 տոկոսից 2008 թվականի սեպտեմբերին մինչև 70 տոկոս 2009 թվականի մարտին:

Այժմ, անգամ մարտյան արժեզրկմանը հետևող կայունության պայմաննրում, դեռևս նկատվում են դոլարիզացիայի խորացման որոշակի միտումներ, որոնք սակայն, ըստ ՀՀ ԿԲ դիտարկումների և վերլուծությունների, պայմանավորված չեն տնտեսության հիմնարար զարգացումներով, այլ կրում են մարտի 3-ի արժեզրկման պատճառով դրամի վստահության խաթարման հետևանքները:

Դոլարիզացիայի նման բարձր մակարդակը էական խոչընդոտ է հանդիսանում դրամավարկային քաղաքականության իրականացման և ֆինանսական կայունության ապահովման համար: Ամենակարևոր նպատակը Կենտրոնական բանկը տեսնում է դրամի նկատմամբ վստահության բարձրացման մեջ, որի ձևավորման միակ ճանապարհը ցածր և կայուն գնաճի ապահովումն է:

Ի լրումն դրա, ՀՀ կենտրոնական բանկը նաև մշակել է դոլարիզացիայի կրճատմանն ուղղված միջոցառումների փաթեթ: Վերջինս իր մեջ ներառում է ինչպես միջոցառումներ ուղղված իրական հատվածի դոլարիզացիայի նվազեցմանը (հիմնականում Արժութային կարգավորման և վերահսկողության մասին Օրենքի դրույթների պահպանմանն ուղղված վարչարարության զգալի ուժեղացում), այնպես էլ ֆինանսական հատվածի դոլարիզացիայի նվազեցմանը` մակրոպրուդենցիալ միջոցառումների և վերահսկողության խստացման միջոցով: Առաջարկվող միջոցառումների համալիր փաթեթը ներկայումս գտնվում է քննարկման փուլում և շուտով կներկայացվի հանրությանը:

- Ինչպիսի՞ կարևոր օրենսդրական, կարգավորող նախաձեռնություններ է պատրաստվում առաջադրել ՀՀ ԿԲ-ն մոտ ապագայում:

- Այժմ ԱԺ օրակարգում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխություն, որն ուղղված է ՀՀ բանկային համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը "ֆինանսական միջնորդության ակտիվացմանը" սպառողների շահերի պաշտպանությանը: Մասնավորապես նախատեսվում է փոփոխություն կատարել "Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքում, որի համաձայն ՀՀ դրամով երաշխավորված ավանդի չափը կազմելու է 4 մլն դրամ նախկին 2 մլն դրամի փոխարեն, իսկ արտարժույթով ավանդների երաշխավորման չափը կազմելու է 2 մլն դրամ նախկին 1 մլն դրամի փոխարեն:

Ներկայումս ՀՀ կենտրոնական բանկի կողմից աշխատանքներ են իրականացվում բանկերի կողմից ներկայացվող հաշվետվությունների համակարգի կատարելագործման ուղղությամբ: Նշված փոփոխությունը հնարավորություն կընձեռի ստանալ առավել մանրամասն տեղեկատվություն`  "չմշակված" տվյալների շարքերի տեսքով, որոնք ամփոփվելով ՀՀ կենտրոնական բանկում կապահովեն հաշվետվությունների կազմման բարձր ճկունություն: Նոր համակարգի կիրառումը կազատի բանկերին հաշվետվությունների զգալի մասի ներկայացումից, ինչը հնարավորություն կտա հետագայում խուսափել ինչպես դրանց հաճախակի փոփոխություններից, այնպես էլ այդ փոփոխությունների հետ կապված հավելյալ ծախսերից:

- Ի՞նչ կմաղթեիք BANKER.AM պորտալի ընթերցողներին` Ամանորի կապակցությամբ:

- BANKER.AM պորտալի ընթերցողներին մաղթում եմ, որ 2010 թվականը լինի կայունության, զարգացման, աճի տարի, և ամենակարևորը, որ մեր երկիրը կարողանա խաղաղ պայմաններում  ապահովել իր առաջընթացը: Ցանկանում եմ առողջություն և բարգավաճում ձեր ընտանիքներին:



Փնտրել
  • Վարկային հաշվիչ
  • Վարկունակություն
  • Արտարժույթի փոխակերպիչ
Հաշվիչներ
ՀՀ ԿԲ փոխարժեք
$ USD 370.16 -0.25
£ GBP 578.34 -1.13
EUR 482.95 -1.29
ք RUB 12.24 -0.04
30-07-2010
Արտարժույթի շուկա NEW
 USD  EUR  RUB
Բանկ Առք Վաճ.
366 371
367 372
368 372
368.5 371.5
367 371
367 372
>>>>>                30.07.2010 / 17:00
 
 
ՀՀ ԿԲ տոկոսադրույքներ
Բանկային տոկոսադրույք 13.00 -
Ռեպո 7.25 0.25
Լոմբ. ռեպո 12.25 0.25
Ներգրավված միջոցներ 4.25 0.25
11-05-2010
Միջազգային ինդիկատորներ
Dow 10525.43 100.81
NASDAQ 2296.43 26.96
S&P 500 1115.01 12.35
NIKKEI 9503.66 72.7
Hang Seng 20839.91 24.58
FTSE 100 5351.12 38.5
DAX 6194.21 27.87
Fed.funds rate,% 0.25 - -
ECB ref. rate,% 1 - -
BoE repo rate,% 0.5 - -
BoJ disc. rate,% 0.1 - -
LIBOR,% 6m USD 0.71 - -
EURIBOR, % 6M 1.14 0.004
Նավթ, $/բրլ. 78.98 - -
Ոսկի, $/ունց. 1187 -0.8
26-07-2010
Copyright © BANKER MEDIA LLC || 2010. All rights reserved.
 
Designed and developed by Smart Systems LLC